
Անահիտ Ավանեսյանը կարևորում է տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը: «Մենք պետք է կազմակերպենք նրանց ընթացիկ բժշկական օգնությունը, նրանց առաջնային օղակի ծառայությունները, պատվաստումները, ընթացիկ հսկողական այցերը: Մեր ամբողջական համակարգը պետք է հնարավորություն ունենա բոլոր կարիքները հոգալու»,- Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարը:
Նա նշեց, որ առողջապահական համակարգում անընդհատ ներդրում է կատարվում համակարգն ուժեղացնելու, կրթելու, բժշկական կենտրոնները վերազինելու ուղղությամբ, ինչպես նաև ստեղծելու մեխանիզմներ, որ բոլորը միասնական, կոորդինացված, արագ աշխատեն իրար հետ:
«Մենք անընդհատ աշխատանքներ ենք իրականացնում, և շատ կարևոր է նշել, որ այդ աշխատանքներն առանց լրացուցիչ ֆինանսավորման և մեր հանրային միջոցների հնարավոր չէ: Մենք ամեն տարի տեսնում ենք, որ մեր բյուջեում առողջապահական ծախսերը աճ են գրանցում»,-հավելեց Ավանեսյանը: