
Աշխարհի ավելի քան 500 պատվիրակներ ԱԱԲԹ 5-րդ գլոբալ հանդիպմանը կմեկտեղեն ջանքերը հակամարտություններին ավելի արագ արձագանքելու համար

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 500 պատվիրակներ հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկած արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ընթացքում կմեկտեղեն ջանքերը ճգնաժամերին, այդ թվում նաև՝ բնական աղետներին, հիվանդությունների բռնկումներին և հակամարտություններին ավելի արագ և արդյունավետ արձագանքելու համար:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ակտիվ և հետաքրքիր քննարկումների արդյունքում պատկերացում կկազմեն, թե աշխարհում անընդհատ աճող մարտահրավերների դիմակայելու համար ինչպես պետք է պատրաստված լինել:
«Մարդկանց նկատմամբ հոգատարությունը և կրիզիսային իրավիճակներում նրանց աջակցություն տրամադրելը բժշկական թիմերի նպատակն է: Մեզ անհրաժեշտ է միասնական չափորոշիչներով կրթված, պատրաստված պրոֆեսիոնալ թիմերի առկայություն, և այդ կարևոր առաքելության ուսումնասիրության համար է նաև այս նախաձեռնությունը»,-ասաց նա:
Մարզահամերգային համալիրում մեկնարկած եռօրյա միջոցառման՝ ավելի քան 110 երկրներից ժամանած մասնակիցներին, որոնց թվում են ԱԱԲԹ-ներ, տեխնիկական փորձագետներ և մի շարք կազմակերպություններից՝ միջազգային գործընկերներ, հնարավորություն է տրվում անդրադառնալ ու ծանոթանալ արտակարգ իրավիճակներին արձագանքելու ընթացքում քաղված դասերին և նորարարական ու կյանք փրկող մոտեցումներին: