ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Ուսուցչի տոնի առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ուսուցչի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ:

Մենք դժվարին օրեր ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրիս դերն ու առաքելությունը կրկնակի կարևոր են, ձերն՝ առավել քան: Եվ շնորհակալ եմ հատկապես այս օրերին ձեր աշխատանքը պատվով իրականացնելու և առկա մարտահրավերներին դիմակայելու համար:

Մենք լավ ուսուցչին ենք պարտական ոչ միայն գիտելիքով զինված աշակերտի, այլև վաղվա գիտակից քաղաքացու, անմնացորդ հայրենասերի, երջանիկ անհատի կայացման համար:

Մշտապես ձգտե՛ք կատարելագործման՝ օր օրի ավելին անելու և արդյունքը բազմապատկելու ճանապարհով. ձեր դերն անգնահատելի է, առաքելությունը՝ սրբազան, քանի որ դուք ապագայի կերտման առաջամարտիկներն եք:

Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուրիդ կողքին է ու աջակիցը, և յուրաքանչյուր բարեփոխում միտված է բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու կրթական ոլորտը և լուծելու առկա խնդիրները:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամուր կամք ու անսպառ եռանդ: Ձեր պատասխանատու գործում սերը թող բազմապատկվի և վարակի նաև ձեր աշակերտներին»:

Տեսանյութեր

Լրահոս