Ազգությամբ հայ 18 մարզիկներ հնարավորություն կունենա կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով այլ պետության հայազգի քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում։ Նախագծին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 63 կողմ ձայներով:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել էր, որ նախագիծը նպատակ ունի լուծելու այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդիրները, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են ՀՀ քաղաքացիություն եւ հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն, հանգամանքների բերումով, դուրս են եկել հավաքականներից կամ այլ միջազգային մրցաշարերում եւ առաջնություններում հանդես չեն գալիս ՀՀ դրոշի ներքո:
«Իրականում այս օրենքի նախագիծը նպատակ ունի լուծելու նախկինում օրինական կամ ապօրինի ճանապարհով քաղաքացիություն ստացած 18 մարզիկի հարցը: 17 ֆուտբոլիստ եւ 1 բասկետբոլիստ իրենց երկրում օրենքի առջեւ խնդիր ունեն. նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում՝ բանակում ծառայության հետ կապված խնդիրներով պայմանավորված: Կառավարության ընդունած 89 և 450 որոշումներով այլեւս նման խնդիրներ չեն առաջանա»,- պարզաբանել էր Կարեն Գիլոյանը։