«Վրացական երազանք» խմբակցությունը կորցրել է մեծամասնությունը Վրաստանի խորհրդարանում
«Վրացական երազանք» խմբակցությունը խորհրդարանում կորցրել է մեծամասնությունն այն բանից հետո, երբ հինգ պատգամավորներ միացել են «Ժողովրդի ուժ» հասարակական շարժմանը: Այդ մասին ասել է շարժման հիմնադիրներից մեկը՝ Գուրամ Մաչարաշվիլին:
«Ժողովրդի ուժ» շարժումը հիմնվել է օգոստոսի սկզբին պատգամավորներ Սոզար Սուբարիի, Դմիտրի Խունդաձեի, Միխայիլ Կավելաշվիլիի եւ Գուրամ Մաչարաշվիլիի կողմից: Ինչպես պարզաբանել են պատգամավորները, նրանք դուրս են եկել «Վրացական երազանքից», որպեսզի ազատ արտահայտեն իրենց կարծիքը, դրա հետ մեկտեղ կուսակցությանը, որին մեծապես աջակցում են, չդնելով անհարմար դրության մեջ:
«Մեզ միացել են Վրաստանի խորհրդարանից հինգ անդամներ, ինչը նշանակում է, որ «Վրացական երազանք» խմբակցությունն այլեւս չունի մեծամասնություն: Թեեւ մենք՝ ինը պատգամավորներս, «Ժողովրդի ուժի» ներկայացուցիչներս, մնում ենք խորհրդարանական մեծամասնությունում»,-լրագրողներին ասել է Մաչարաշվիլին:
Այսպիսով, «Վրացական երազանք» խմբակցությունում մնում է 75 պատգամավոր: Շարժմանը նաեւ միացել են հասարակայնությանը հայտնի փորձագետներ: «Ժողովրդի ուժ» շարժումը հայտնի է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության եւ դեսպան Քելլի Դեգնանի հասցեին իր կտրուկ հայտարարություններով, հաղորդել է Sputnik-ը: