Ղազախստանի ՆԳՆ-ն ռուսաստանցիների ներհոսը երկու շաբաթվա ընթացքում գնահատել է ավելի քան 200.000 մարդ
Մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո Ռուսաստանից Ղազախստան մուտք է գործել ավելի քան 200 հազար ռուսաստանցի: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ղազախստանի ՆԳՆ-ի ղեկավար Մուրատ Ահմետժանովը:
«Ռուսաստանի ավելի քան 200 հազար քաղաքացի մուտք է գործել Ղազախստան, այսօրվա դրությամբ երկրից դուրս է եկել 147 հազար մարդ»,-ասել է նախարարը:
Նա նշել է, որ մոբիլիզացիա հայտարարելուց հետո Ղազախստանի եւ Ռուսաստանի սահմաններին դիտվել են կուտակումներ, բայց հոկտեմբերի 3-ից իրադրությունը նորմալացել է:
«Երեկ Ռուսաստանի ավելի քան 7 հազար քաղաքացի մուտք է գործել մեր երկիր, շուրջ 11 հազարը մեկնել է: Ժամանողները մեկնում են: Ամեն ինչ միգրացիոն հսկողության տակ է»,-հավելել է Ահմետժանովը:
Նրա խոսքով՝ այդ օրերին Ղազախստանից արտաքսվել Է երեք ռուսաստանցի, որոնք անօրինականորեն հատել Էին սահմանը, եւ եւս չորս Ռուսաստանի քաղաքացի, որոնք մանր խուլիգանություն էին կատարել Ուրալսկում:
Ղազախստանի ֆինանսների նախարար Երուլան Ժամաուբաեւը այդ նույն օրը լրագրողներին ասել է, որ երկրում ռուբլու գերավելցուկ չի նշվում:
Սեպտեմբերի 27-ին հաղորդվել է, որ Ղազախստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի տվյալներով, երկրում սեպտեմբերի 21-ից մուտք է գործել շուրջ 98 հազար ռուսաստանցի, մեկնել է 64 հազար 234-ը, այդ ժամանակաշրջանում անհատական նույնականացման համար են ստացել 8 հազարից փոքր-ինչ ավելի ոչ ռեզիդենտներ:
Սեպտեմբերի 28-ին Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը ռուսաստանցիների երկիր ներհոսի կապակցությամբ պաշտոնյաներին հանձնարարել է ուժեղացնել միգրացիայի եւ հասարակական կարգի հսկողությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: