Բաժիններ՝

«Սեպտեմբերի 28-ին պապին է իր ձեռով տարել զորամաս, հետ էր եկել, 2 օր հետո դեպքը եղավ»․ մահացած հայտնաբերված զինծառայողի հորեղբայր

Երեկ կեսգիշերին մարտական դիրքում հրազենային վիրավորումից մահացած հայտնաբերված 19-ամյա Հրաչյա Քարամյանը Արմավիրի մարզի Փշատավան գյուղից էր, տան միակ որդին։

Փշատավանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Լուիզա Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ անձամբ է ճանաչել Հրաչյային, մոտիկից շփվել է, երբ զորակոչի համար պատվաստվում էին  տղաները․

«Ինքը շատ լավ երեխա էր, չափված-ձևված, շնորհքով, կիրթ։ Դուռը ծեծում էր՝ բժշկուհի ջան, կարելի՞ է, ասում էի՝ արի, Հրաչիկ ջան, եկեք, որ գնաք պատվաստման, ասում էի՝ պատվաստումից հետո հանկարծ ալկոհոլ  չօգտագործեք, ծիծաղում էր։ Մի անգամ հարցրեցի՝ Հրաչիկ, հո չե՞ս ծխում, ասաց՝ չէ, առողջությունը կարևոր է, բժշկուհի ջան․․․»։

Հրաչյան 2021 թվականի ամռանն էր մեկնել ծառայության, 8 ամսից պետք է զորացրվեր։ Տիկին Սարգսյանը նաև ասաց, որ Հրաչյան որոշել էր զորացրվելուց հետո աշխատանքի անցնել Ճանապարհային ոստիկանությունում․

Կարդացեք նաև

«Իր հորեղբայրը, պապիկը համակարգում են ծառայում, պապիկի անունը Հրաչյա է, մի անգամ կատակեցի, ասացի՝ պապիկիդ պաշտոնին նստես, դու Քարամյան Հրաչն ես։ Պապիկն էլ մեծատառով մարդ է»։

Մահացած հայտնաբերված զինծառայողի հորեղբայրը՝ Ազատ Քարամյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբորորդին Վարդենիսում էր ծառայում, մասնակցել էր նաև վերջին պատերազմական գործողություններին, մի քանի օր կապի մեջ չէր եղել, հետո զանգահարել էր հարազատներին և հայտնել, որ չանհանգստանան, ամեն ինչ  նորմալ է․

«Երեխեն նորմալ ծառայել է, ոչ մի խնդիր չենք տեսել, տարի չորս ամսվա ծառայող էր։ Սեպտեմբերի 13-ին, երբ կռիվը սկսվեց, երեխեն 3 օր կապի դուրս չէր եկել, հետո զանգեց, նորմալ էր սաղ։

Սեպտեմբերի 24-ին մորական տատիկն էր մահացել, 5 օրով արձակուրդ եկավ, սեպտեմբերի 28-ին հետ ա գնացել զորամաս, ու երեկ էդ դեպքն է եղել։ Ամեն ինչ նորմալ էր իր մոտ, պապին է իր ձեռով տարել զորամաս, հետ եկել․․․»։

Ազատ Քարամյանն ասաց, որ այս պահին երեխայի դին տեղափոխում են Էջմիածին։ Վաղը տեղի կունենա նրա հոգեհանգստի արարողությունը, հոկտեմբերի 3-ին՝ հուղարկավորությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Հրաչյա Տիգրանի Քարամյանի դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

Տեսանյութեր

Լրահոս