Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ հոկտեմբերի 1-ին այցելեց մարզի ամենաերկարակյաց կանանց։
102 տարեկան Ասանեթ Շահումյանը 4 երեխա, 6 թոռ ու 2 ծոռ ունի։ Ավելի քան 50 տարի աշխատել է տեքստիլ գործարանում: Վստահեցնում է՝ երկարակեցության գաղտնիքը աշխատասիրությունն ու լավատեսությունն է եղել։ «Մեծին գնահատողը մեծ կդառնա, ու ապրեք, որ մեզ չեք մոռացել այսքան հոգսերի ու աշխատանքի մեջ»,-մարզպետի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Ասանեթ տատը։
Մարգարիտ Զաքեյանի 100-ամյակը նշել են ապրիլին։ Մասնագիտությամբ դերձակ է: Երկու որդի, 6 թոռ ու 8 ծոռ ունի։ Մարզպետի հետ զրույցում հավատացնում է, որ հիմա իր համար կարևորը երկրի խաղաղությունն է, մնացած հոգսերն ու հարցերը վստահ է՝ կլուծվեն։
Մարզպետի որոշմամբ մարզում բնակվող 100 տարին լրացած բոլոր տատիկներին դրամական աջակցություն է տրամադրվել։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1990թ. որոշմամբ հոկտեմբերի 1-ը սահմանվել է որպես Տարեցների միջազգային օր: Սկզբնապես այս օրը նշվել է Եվրոպայում, որից հետո տարածվել ԱՄՆ-ում, իսկ 1990-ականների վերջին՝ ամբողջ աշխարհում: