Բաժիններ՝

Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը: «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ Գանտահարյանը հիշեցրել է բանակցությունների ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարությունը, որ իրենք լրջորեն են տրամադրվելմնայուն համաձայնության հասնելուն, իսկ ԱՄՆ-ն ներկայացրել է տեքստ, որտեղ շատ անորոշություններ կան:

Գանտահարյանի խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը մի քանի ուշագրավ կետ է պարունակում։ «Վիեննայում դրական բանակցություններ են կայացել, եւ լուծումը բացառապես դիվանագիտությամբ է լինելու։ Սա նշանակում է, որ բացառվում է ուժի կիրառումը։ Այդուհանդերձ, Վաշինգտոնն անորոշ կետեր է թողել։ Ըստ պաշտոնական Թեհրանի՝ եթե ԱՄՆ-ն կամք ունի, ապա համաձայնությունը կկայանա։ Այստեղ արդեն պատասխանատվությունը Վաշինգտոնի ուսերին է դրվում և միաժամանակ ասվում է, որ Թեհրանը պատրաստ է գնալ փոխընդունելի համաձայնության: Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը չպետք է քաղաքական ազդակներ հաղորդի իր աշխատանքներին եւ կրկնակի ստանդարտների գործելաոճ չկիրառի։ Սլաքը դարձյալ ուղղվել է ԱՄՆ-ին, որը, ըստ Թեհրանի, քաղաքականացնում է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործառույթները»,- նշում է Գանտահարյանը։

Նրա գնահատմամբ՝ այս ուղերձները նկատի ունենալով՝ կարելի է ասել, որ գործընթացը «մի քայլ առաջ երկու քայլ հետ» մարտավարությամբ է ընթանում, ինչը տեղապտույտ է։ «Չեմ կարծում, որ հավելյալ լարվածության կգնա գործընթացը, որովհետեւ ԱՄՆ-ն ու ընդհանրապես միջազգային հանրությունը հիմա կենտրոնացել են Ռուսաստանի դաշնության վրա։ Կարծում եմ՝ որքան խորանան լարվածությունն ու առճակատումը Ռուսաստանի հետ, այնքան Վիեննայի բանակցությունները դուրս կգան տեղապտույտից եւ կընթանան բնականոն հունով»,- ասել է Գանտահարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս