2.2 միլիարդ դրամ՝ պետությանը միլիոնների վնաս պատճառած ընկերությանը, ևս 32 միլիոն՝ Բագրատ Բադալյանի ընտանեկան բիզնեսին
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2 միլիարդ 259 միլիոն դրամով մեկ անձից գնման ընթացակարգով հերթական պայմանագիրն է կնքել մի ընկերության հետ, որը մեկ տարի առաջ, ըստ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, պետությանը պատճառել է 3.5 միլիոն դրամի վնաս։
Խոսքը վերաբերում է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող «Ճանապարհ» ՍՊԸ-ին, որի հետ Գնել Սանոսյանի ղեկավարած նախարարությունը կնքել է մեկ անձից գնման պայմանագիր՝ Որոտան-Խոտ ավտոճանապարհի վերակառուցման համար։
Նշենք, որ «Ճանապարհ» ՍՊԸ-ն գրանցված է Կոտայքի մարզում, Որոտան-Խոտ ավտոճանապարհը գտնվում է Սյունիքի մարզում։
Գնել Սանոսյանի ղեկավարած նախարարությունը հաջորդ պայմանագիրը կնքել է պետական համակարգում մեկ անձից գնումների առաջատար, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի կնոջը պատկանող ընկերության՝ «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի հետ, որն իրականացնելու է ասֆալտի որակի վերահսկման աշխատանքներ։
Բայց սա մեկ ամսվա ընթացքում այս ընկերության հետ կնքված միակ պայմանագիրը չէ, իսկ ավելի ճիշտ, այս շաբաթ կնքվել է երկու պայմանագիր: Առաջինը՝ շուրջ 27 միլիոն դրամ արժեքով։
Բագրատ Բադալյանի ընտանեկան բիզնեսի հետ կնքված հաջորդ պայմանագրի արժեքը կազմում է 4.5 միլիոն դրամ։
Այս գումարով ընկերությունն իրականացնելու է Ստեփանավան-Ագարակ-Յաղդան ավտոճանապարհին փռված ասֆալտի որակի վերահսկման աշխատանքները։