Բաժիններ՝

Գավառի երաժշտական դպրոցի աշակերտ Սամվել Խաչատրյանը հաղթել է միջազգային մրցույթ-փառատոնում

Գավառ համայնքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Սամվել Խաչատրյանը հաղթող է ճանաչվել կայացած միջազգային մրցույթ-փառատոնում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ Անուշ Քոչարյանի սանն, ով սովորում է դաշնամուրային բաժնի 3-րդ դասարանում, մասնակցել է «Յունիվերս Արտ» միջազգային մրցույթ-փառատոնին՝ Դոգայի «Վալս» ստեղծագործությամբ արժանանալով 1-ին մրցանակի:

«Սամվել Խաչատրյանը, ով չնայած ընդամենը 7 տարեկան է, հիանալի նվագում է, նկարում, երգում, ասմունքում, ունի արտակարգ մտածողություն, գրում է երգեր, իր շնորհներով հիացնում բոլորիս։ Համոզված եմ, որ շատ շուտով նրա անունը կտարածվի Հայաստանով ու աշխարհի շատ երկրներով մեկ: Սա դեռ առաջին լուրջ հաջողությունն է, որ գրանցում է մեր աշակերտը։ Սպասենք նորանոր հաղթանակների»,-նշեց Անուշ Քոչարյանը։

Գավառի համայնքապետարանի տեղեկացմամբ՝ նույն մրցույթ-փառատոնին մասնակցել է նաեւ Գավառի արվեստի դպրոցի սան Ծառուկ Սաքեյանը եւ արժանացել երկրորդ կարգի մրցանակի՝ հանդես գալով Գիլլոկի «Ֆլամենկո» ստեղծագործության կատարմամբ:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս