 
                        ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպանը
 
                                    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին սեպտեմբերի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միրոսլավ Հացեկին Հայաստանում Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Դեսպան Միրոսլավ Հացեկը նշել է, որ առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև տարբեր մակարդակներում կապերի ակտիվացման, համատեղ ծրագրերի իրականացման և փոխգործակցության ընդլայնման համար:
Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես ընդգծել են էներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և առողջապահության ոլորտները: Կարևորվել է նաև գործարար կապերի, երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը և այդ համատեքստում գործընկեր երկրների ու միջազգային կառույցների աջակցությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        