Իրանում անկարգությունների մասնակիցներն ավերել են բանկերի ավելի քան 300 բաժանմունքներ
Իրանում զանգվածային հուզումների մասնակիցները կողոպտել եւ շարքից հանել են բանկերի 323 բաժանմունքներ, ոչնչացրել 284 բանկոմատներ: Սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Պետական բանկերի համակարգող խորհրդի քարտուղար Ալիռըզա Քիթասին:
«Վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մեծ վնաս է հասցվել,- մեջբերում է անում նրա խոսքից Mehr գործակալությունը:- Այսօրվա դրությամբ 323 բաժանմունքներ կողոպտված են եւ շարքից հանված, վանդալիզմի հարձակումների են ենթարկվել եւ ոչնչացվել 284 բանկոմատներ»:
Վերջին օրերին Իրանի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել հուզումներ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել է բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով: Հարցաքննության ժամանակ նա սրտի նոպա է ունեցել, որից նա մահացել է:
Սակայն սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկատվություն, որ ոստիկանները ծեծել են Ամինիին: Անկարգությունների մասնակիցները հարձակվել են ոստիկանների եւ «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի անդամների վրա, պղծել են Ղուրանը, հրկիզել մզկիթներ եւ պետական հիմնարկությունների շենքեր, հարձակվել հիջաբով կանանց վրա, հրկիզել շտապ օգնության ավտոմոբիլներ, ավտոլցավորման կայաններ: Իրանի տարբեր քաղաքներում կատարվում են հուզումների մասնակիցների եւ կազմակերպիչների ձերբակալություններ, նրանցից առգրավում են սառը զենք եւ հրազեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: