Քննարկվել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդման և տարածման հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին և տնօրենի օգնական Շողեր Մարկոսյանին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Կողմերը քննարկել են Հայաստանում արևմտահայերենի դասավանդմանը, տարածմանը վերաբերող և Սփյուռքի հայկական կրթօջախներին առնչվող խնդիրները:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը վերոնշյալ թեմաների շուրջ՝ վստահություն հայտնելով, որ պետական աջակցությամբ ծրագրերի հետ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի համադրման դեպքում կարող ենք էական առաջընթաց ապահովել մի շարք ծրագրերի պարագայում, ինչպիսիք են Սփյուռքի կրթօջախների քարտեզագրումը, հայագիտական կենտրոնների ցանցի ընդլայնումը, Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցումը և այլն:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է արևմտահայերենի դասավանդման երաշխավորված ծրագիր՝ նախատեսված ավագ դասարանների համար: Ժ. Անդրեասյանն ընդգծել է Սիրիայից և Լիբանանից Հայաստան տեղափոխված երեխաների ինտեգրման և արևմտահայերենի խրախուսման կարևորությունը:

Նախանշվել են ուսուցիչների վերապատրաստման, արևմտահայերենի դասավանդման մեթոդական նյութերի պատրաստման նպատակով ջանքերի միավորման հեռանկարները:

Արևմտահայերենի տարածման ուղղությամբ Ժաննա Անդրեասյանը որպես լուծում առաջարկել է հանրակրթական պետական նոր չափորոշչով նախատեսվող նախագծային աշխատանքները, որոնք իրականացվում են 7-րդ դասարանից: Ըստ Անդրեասյանի՝ նախագծային աշխատանքի նյութ կարող է լինել արևմտահայերենին վերաբերող որևէ թեմա՝ սկսած պատմությունից մինչև գրականություն: Նա շեշտել է նաև սփյուռքահայ և հայաստանցի երեխաների համագործակցության հնարավորությունը: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է պետական աջակցությամբ իրականացվող Համահայկական հայագիտական օլիմպիադան՝ որպես նախագծային ուսուցման եզրափակիչ փուլ դիտարկելու հնարավորությունը:

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով արևմտահայերենի նկատմամբ պետական մոտեցումը:

Նրա գնահատմամբ՝ արևմտահայերենի պահպանման խնդիրը Հայաստանում և Սփյուռքում տարբեր բնույթ է կրում: Նա տեղեկացրել է, որ քննարկման փուլում է արդի արևմտահայերեն գրականության ընթերցարան ստեղծելու հարցը, ինչը միտված է լեզվի տարածմանը: Ռ. Փանոսյանը դրական է գնահատել ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման, վերապատրաստման գործընթացի, համատեղ նախագծային աշխատանքի իրականացման հնարավորությունը:

Հանդիպմանը քննարկվել են արևմտահայերենի թվայնացման, դպրոցականների ներգրավմամբ արևմտահայերենով տարբեր հարթակների, կայքերի պատրաստման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են նաև հայագիտության խրախուսմանն ու զարգացմանը միտված համատեղ ծրագրերի մշակմանը:

Տեսանյութեր

Լրահոս