Բաժիններ՝

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն իրականացնում է մարզիկների արդյունավետության բարձրացման ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն իրականացնում է ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացման ծրագիր՝ սպորտային հոգեբանության առաջատար մեթոդների ներդրման և կիրառման միջոցով:

Ինչպես  հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի իրականացման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի մարտից:

Աշխատանքի արդյունավետ իրականացման համար կազմվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած լավագույն պրակտիկ հոգեբաններից և հոգեֆիզիոլոգներից, ծրագրի ղեկավարից և համակարգողից։

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանի խոսքով՝ Հայաստանում սպորտային հոգեբանության կայացման խնդիրը բուհի ռազմավարական խնդիրներից է.

«Հաշվի առնելով մարզիչների և մարզիկների հոգեբանական կրթվածության դերը մարզական ձեռքբերումների գործընթացում՝ անհրաժեշտ ենք համարել համակարգային մոտեցում ցուցաբերել տվյալ հիմնախնդրին»:

Ծրագիրն իրականացվում է 4 փուլով․

կազմակերպչական,

մարզիկների հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների ախտորոշման,

մարզիկների և մարզիչների մարզման և մրցակցային գործընթացում անհրաժեշտ հոգեբանական առանձնահատկությունների շտկման, ձևավորման և զարգացման,

իրականացված աշխատանքների ազդեցության գնահատման:

Առաջին փուլում իրականացվել են կազմակերպչական աշխատանքներ՝ հանդիպումներ հոգեբանների, ֆեդերացիաների մարզիչների հետ։ Մարզիչների հանդիպմանը ներկա են եղել ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, բուհի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը։

Դավիթ Խիթարյանը ներկայացրել է բուհի առաքելությունը՝ ՀՀ-ում սպորտի զարգացման գործընթացում, սպորտային հոգեբանության՝ որպես առանցքային ճյուղի կայացման կարևորությունը։

Լուսինե Ստեփանյանն էլ մարզիչներին ներկայացրել է իրականացվող ծրագրի առանձնահատկությունները, մարզիկ-հոգեբան, մարզիչ-հոգեբան համատեղ աշխատանքի արդյունավետության վերաբերյալ ժամանակակից մոտեցումները և սկզբունքները։

Հոգեբանների հանդիպման ընթացքում ներկայացվել են մարզիչների և մարզիկների հետ աշխատանքի առանձնահատկությունները, նպատակները և իրենց առջև դրված խնդիրները։

Ծրագրում ընդգրկվել էին օլիմպիական խաղերում բարձր արդյունքներ գրանցող ֆեդերացիաները։ Ֆեդերացիաների մարզիչների հետ հանդիպումներն ընթացել են ընդհանուր խնդիրների վերհանման, աշխատանքը կազմակերպելու արդյունավետ ուղիների որոշման ուղղությամբ, ինչպես նաև օլիմպիական խաղերի հավակնող մարզիկների անունները հստակեցնելու նպատակով։

Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել է մարզիկների հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական ախտորոշում՝ ապարատուրային և թեստային առաջադրանքների կիրառմամբ։ Ախտորոշվել է մարզիկների սթրեսակայունության, ուշադրության կենտրոնացվածության և տեղափոխելիության մակարդակը, անձնային հատկությունների «Big five» ախտորոշման թեստը: Ապարատուրային մեթոդների կիրառմամբ ախտորոշվել է ֆիզիկական և հոգեհուզական լարվածության ցուցանիշները, սրտի ռիթմի փոփոխականությունը։

Իրականացված հետազոտության հիման վրա կազմվել են անհատական հոգեբանական պրոֆիլներ, որոնք անհրաժեշտ են ինչպես հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական աշխատանքների բարձր արդյունավետության ապահովման, այնպես էլ համապատասխան հոգեբանի ընտրության համար։

Ծրագրի երրորդ փուլում իրականացվել են մարզման և մրցակցային գործընթացում մարզիկների ու մարզիչների անհրաժեշտ հոգեբանական առանձնահատկությունների ձևավորման, զարգացման և շտկման աշխատանքները։

Ծրագրի մշակման հիմքում ընկած է եղել այն գաղափարը, որ յուրաքանչյուր մարզիկի մարզական հաջողությունը պայմանավորված է նաև մարզիչի և թիմի առանձնահատկություններով։ Ուստի, ծրագրում ներառվել է նաև մարզիչների համար խմբային թրեյնինգի ծրագիրը, որն ուղղված է մարզիչների կառավարչական և կազմակերպչական հմտությունների զարգացմանը, քոուչինգի հմտությունների ձևավորմանը և զարգացմանը, հուզական ինտելեկտի զարգացմանը, ինչպես նաև անձնային աճին։

Թրեյնինգի նպատակն էր ձևավորել և զարգացնել վերոնշյալ հմտությունները և կարողությունները։ Թրեյնինգը բաղկացած է եղել 12 հանդիպումից։ Թրեյնինգի ավարտին մասնակից 6 մարզիչներին տրվել են հավաստագրեր։

Ախտորոշման և անհատական աշխատանքների փուլին մասնակցել է 15 մարզիկ՝ 3 ազատ ոճի ըմբիշ, 3 հունահռոմեական ոճի ըմբիշ, 2 մարմնամարզիկ, 3 հրաձիգ, 1 ձյուդոիստ, 3 բռնցքամարտիկ։

Մարզիկների հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների ախտորոշման հիման վրա դուրսբերված հոգեբանական դիմանկարները հիմք են հանդիսացել մարզիկների հետ հոգեբանական ու հոգեֆիզիոլոգիական աշխատանքների անհատական պլանների ձևավորման համար։

Վերոնշյալ աշխատանքները կրում են շարունակական բնույթ և կավարտվեն դեկտեմբերին։ Ծրագրի շարունակականության ապահովման դեպքում, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է 2024-ին կայանալիք օլիմպիական խաղերով, ինչպես նաև մարզիկների մրցակցային առավելությունների հոգեբանական բաղադրիչի ձևավորման և զարգացման համար անհրաժեշտ ժամանակով, աշխատանքները կշարունակվեն նաև 2023 թվականին։

Ծրագրի ավարտին կիրականացվի հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական անհատական աշխատանքների գնահատում՝ համալիր թեստերի կիրառմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս