
ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել

ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 28-ին, ենթադրաբար, կատարել է բալիստիկ հրթիռի արձակում: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահապանության ծառայությունը:
Ճապոնիայի պահականավերը տարածշրջանում գտնվող նավերին հորդորել են հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց եւ անմիջապես կապվել իշխանությունների հետ:
Արձակված հրթիռը, հավանաբար, ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս, հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարական աղբյուրներ: Ներկայումս հրթիռի արձակման պատճառով վնասի առաջացման մասին տեղեկություններ չեն ստացվել:
Տարեսկզբից ԿԺԴՀ-ն կատարել է սպառազինությունների ավելի քան տասը փորձարկում: Վերջինը կայացել է սեպտեմբերի 25-ին, երբ, Ճապոնիայի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ, բալիստիկ հրթիռը թռել է շուրջ 400 կիլոմետր, դրա թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է մոտ 50 կիլոմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: