Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով գտնվել է Ֆրանսիայում, ինչը երկկողմ առանձնահատուկ հարաբերությունների վկայությունն է: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը: Վարչապետը կարևորել է նաև միջխորհրդարանական սերտ շփումները, ինչը էական նշանակություն է ունենում կառավարությունների միջև համագործակցության վրա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ ապրում ենք աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներ, այս համատեքստում, նա ընդգծել է երկկողմ սերտ և արդյունավետ փոխհարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը:
Ժիլբեր-Լյուկ Դըվինազը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը և նշել, որ այցի շրջանակում մանրամասն տեղեկատվություն են ստացել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերաբերյալ: Պարոն Դըրվինազը նշել է, որ ուշադրությամբ հետևել են Ֆրանսիայի նախագահի և ՀՀ վարչապետի՝ սեպտեմբերի 26-ի հայտարարություններին և կարևորել, որ ֆրանսիական կողմը հասցեական նշել է ագրեսիան կիրառած կողմին:
Վարչապետն անդրադարձել է Էմանուել Մակրոնի հետ քննարկումներին և շեշտել Ֆրանսիայի առանցքային դերը՝ Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղդղությամբ իրականացվող աշխատանքներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի, ինչ կօգնի, որպեսզի միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա: