Մարդիկ չեն կարող գնալ սահման. ՊՆ-ն հակադարձում է Փաշինյանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե ռազմական դրության անհրաժեշտություն չի տեսնում, սակայն առաջնագիծ մեկնել ցանկացողներին կոչ էր անում կամավոր դիմել զինկոմիսարիատներ:
«Մենք նաեւ բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, նաեւ կան քաղաքացիներ, ովքեր ասում են, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային պաշտպանությանը։ Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել եւ եկել ենք այն եզրակացության, որ եթե կան մարդիկ… հաստատ կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել այս փուլում, նրանք կարող են սովորական ընթացակարգով, կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, եւ այդ խնդիրը կլուծվի», – ասել էր Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերի եւ իրականության մեջ հերթական անգամ մեծ տարբերություն կա: «Ժողովուրդ» օրաթերթը հարց էր ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին. «Նիկոլ Փաշինյանն ամբիոնից հայտարարում է՝ եթե չեք ուզում հանձնել հողերը, կարող եք գնալ եւ պաշտպանել: Այն մարդիկ, որոնք դիմել են մինչեւ այսօր, ինչո՞ւ նրանց չեք թույլատրում գնալ սահման»: Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նշել է, թե զորահավաքը կազմակերպվում եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում:
«Գործող օրենքի համաձայն՝ զորահավաքը կազմակերպվում եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու դեպքում», – ասվում է ՊՆ-ի պատասխանում: Այսինքն՝ ստացվում է, որ իրականում մարդիկ չեն կարող գնալ սահման, պաշտպանել մեր երկիրը, քանի որ ռազմական դրություն, հետեւաբար նաեւ զորահավաք չկա: Նիկոլ Փաշինյանը ուղղակի պոպուլիստական հայտարարություն էր անում, թե՝ գնացե՛ք պաշտպանեք երկիրը, ո՞ւմ եք սպասում»: