Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Հյուրերը եղան Հիշողությոն պուրակում, որտեղ ջրեցին տարբեր ժամանակներում հունական պատվիրակությունների կողմից տնկված արծաթափայլ եղևնիները:
Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Հույն պատգամավորները առանձնակի ուշադրությամբ ծանոթացան սեպտեմբերի 14-ին բացված «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը, որը նրանց ներկայացրեց ցուցադրության հեղինակ, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը: Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին նվիրեց 1913-1922 ամերիկյան մամուլում հրատարակված Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության մասին հոդվածների ժողովածու (The Genocide of the Ottoman Greeks. Reports from the USA Press 1913-1922), 1922 թ. բազմաթիվ հույների և հայերի կյանք փրկած ճապոնական Տոկեի Մարու նավի մասին գիրք և Զմյուռնիայի աղետի 100-րդ տարելիցի կապակցությամբ թողարկված փոստային բացիկ: