Ականապատ անօդաչու է ընկել Իրաքյան Քրդստանում
Ականապատ անօդաչու է կործանվել Իրաքյան Քրդստանի հյուսիսում: Սեպտեմբերի 27-ին այդ մասին հայտնել է Rudaw հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի վարչակազմի ղեկավարին:
Նրա կարծիքով անօդաչու թռչող ապարատը, հավանաբար, պատկանում է Իրանին, սակայն քրդական կողմը խոսովանել է, որ ստույգ տեղեկատվություն չունի, թե հատկապես որտեղից է թռել դրոնը: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ցամաքային ուժերն Իրաքյան Քրդստանի հյուսիսային շրջաններին հարվածներ են հասցնում՝ սկսած սեպտեմբերի 24-ից: Իրանական կողմի վարկածով՝ հրետակոծության են ենթարկվում քրդական «ահաբեկչական խմբավորումները, որոնք մասնակից են Իրանի հյուիսիս – արեւմուտքում ավերումների եւ անկարգությունների կազմակերպմանը»: Իրանում բողոքի ակցիաները ծավալվել են սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ աղջիկը ձերբակալվել է բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով եւ մահացել է սրտի նոպայից, որը տեղի է ունեցել հարցաքննության ժամանակ: Սոցիալական ցանցերում, սակայն, տարածվել է տեղեկատվություն, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից եւ մահացել ստացած վնասվածքներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: