Միրզոյանը կոչ է արել սատարել հայկական ժողովրդավարությանը՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան
Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 20-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը:
Ինչպես տեղեկացրին Արտաքին գործերի նախարարությունից, միջոցառմանը մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մասնավոր խոշոր ընկերությունների և հիմնադրամների տնօրեններ։
Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ վերջին տարիների ընթացքում հայ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունների միջոցով երկու անգամ իր քվեն է տվել՝ հանուն ժողովրդավարության:
ՀՀ ԱԳ նախարարն արձանագրել է, որ Հայաստանում լայն թափով իրականացվում են ժողովրդավարական բարեփոխումներ, ապահովվում է օրենքի գերակայությունը, պաշտպանվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, և կառավարության առաջնահերթություններից է անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ:
Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ամենատարբեր միջազգային հեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանը շարունակաբար բարելավում է իր դիրքերը ժողովրդավարության, տնտեսական ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչներում` այսպիսով առավել գրավիչ դառնալով արտաքին աշխարհի համար:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքներն անսակարկելի են և կոչ արել միջազգային հանրությանը սատարել հայկական ժողովրդավարությանն՝ այդ թվում դատապարտելով և կանխելով Հայաստանի նկատմամբ ագրեսիան։