ՌԴ–ում մոբիլիզացիա հայտարարելուց հետո Մոսկվայից դեպի Ստամբուլ, Երևան, Բաքու և այլ երկրներ չվերթների տոմսերը սպառվել են. РБК
Մոսկվայից Ստամբուլ, Երևան, Բաքու և հարևան այլ երկրներ, որտեղ մուտքի համար այցագիր չի պահանջվում, մոտակա ուղիղ չվերթները սպառվել են, հետևում է ավիաընկերությունների և տոմսերի ագրեգատոր կայքերի տվյալներից, գրում է rbc.ru-ն:
Aviasales ծառայության տվյալներով՝ Մոսկվայից Ստամբուլ ուղիղ չվերթի տոմս այժմ կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ, այն արժե 76 հազար ռուբլի։
Նույն իրավիճակն է Մոսկվայից Երևան ուղիղ չվերթների դեպքում։ «Աերոֆլոտ»-ի կայքում սեպտեմբերի 23-ի համար մնացել են միայն բիզնես դասի տոմսեր (գինը՝ 122 հազար ռուբլուց), իսկ 24-ին դեռ կարելի է «էկոնոմ» դասով թռչել 62 հազար ռուբլով։
«Աերոֆլոտ»-ից դեպի Բաքու ուղիղ չվերթի տոմս կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ՝ 74,5 հազար ռուբլով: Մինչդեռ «Ադրբեջանական ավիաուղիները» (սեպտեմբերի 21-ի Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ) սեպտեմբերի 22-ի տոմսեր ունի 719 եվրոյով և սկսած ամսի 24-ից՝ 394 եվրոյով։
Սեպտեմբերի 23-ից կարելի է տոմս գնել դեպի Տաշքենդ (Աերոֆլոտից՝ 64 հազար ռուբլով):
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:
«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», – ասել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:
«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», – ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում: