ՀՀ ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության անդամները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ինչպես տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:
Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները: