Առաջնագծում իրադրության փոփոխություն չկա. ՊՆ խոսնակը՝ Ջերմուկի ուղղությամբ շրջափակման մեջ հայտնված հակառակորդի խմբի մասին
Գլխավոր շտաբի պետի՝ առաջնագծի վերաբերյալ ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե Ջերմուկից հաջողվե՞լ է արդյոք հեռացնել ադրբեջանական խմբին, ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը
Անդրադառնալով հստակեցնող հարցին, թե հակառակորդի խումբը դեռ շարունակո՞ւմ է շրջափակման մեջ մնալ՝ նա կրկնեց, որ ԳՇ պետի կողմից իրադրության ներկայացումից հետո իրադրության որևէ փոփոխություն չկա:
Իսկ ԳՇ պետը սեպտեմբերի 16-ին Ջերմուկում հայտնել էր, որ ադրբեջանակն զորքերից մեկ խումբ գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ թե սննդով, թե ջրով, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն և ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ, խումբը կողքերից շրջափակված է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից:
Անդրադառնալով դիրքային, տարածքային հնարավոր կորուստների մասին հարցին՝ խոսնակն ասաց, որ թե՛ նյութական, թե՛ այլ կորուստների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում, այդ աշխատանքների ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն տրամադրի:
Նա վստահեցրեց, որ բոլոր զոհերի անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո:
«ԶՈՒ-ն ողջ ծավալով կատարում է իր առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները»,-ասաց Թորոսյանը: