Հայրենիքի պաշտպանության մարտում զոհված սպա Արմեն Կարապետյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում է հուղարկավորվել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ադրբեջանական 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհված Հայոց բանակի սպա Արմեն Կարապետյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի միջնակարգ դպրոցի տնօրեն Թոռնիկ Սահակյանը, Արմեն Կարապետյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 20-ին, Հայաստանի Հանրապետության Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում: Սովորել եւ 2009 թվականին գերազանցությամբ ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը: Նույն տարում ընդունվել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի «Համաշխարհային տնտեսագիտություն» բաժինը: 2010-12 թվականներին ծառայել է Հայոց բանակում՝ որպես ավագ հետախույզ: Ծառայության ընթացքում արժանացել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանի եւ ստացել կրտսեր սերժանտի կոչում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը նույն բուհում, որը ավարտել է 2015 թվականին:
«Արմենի մեջ այնքան մեծ էր Հայոց բանակում ծառայելու ցանկությունը, որ 2020 թվականի հունիսին, որպես ենթասպա, ծառայության է անցնում Քարվաճառի զորամասում: 44-օրյա պատերազմի առաջին օրից մինչեւ ավարտը քաջաբար կռվել է Արմենը, արժանացել «Զորավար Անդրանիկ» կրծքանշանի եւ պատվոգրերի: 2021 թվականին ստացել է լեյտենանտի կոչում եւ վարել դասակի հրամանատարի պաշտոն: 2022 թվականի հուլիսից ստանձնել է վաշտի հրամանատարի պաշտոն: Արմենն ուներ «Ավագ հետախույզ» կոչում: Ամուսնացած էր ընդամենը 8 ամիս: Փրկելով իր վաշտի տղաների կյանքը՝ ցավոք, նա դարձավ թշնամու անօդաչուի հարվածի զոհը: Նրա մահը կսկիծ ու ցավ է պատճառել ողջ գյուղին, մեր դպրոցի կոլեկտիվին՝ առավել եւս։ Սակայն Արմենը միաժամանակ մեր, մեր սերունդների պարծանքն ու հպարտությունն է, նրա անունով կդաստիարակվեն ու կոգեշնչվեն մեր դպրոցի աշակերտները։ Ինչպես տեսնում եք, թշնամին մեզանից խլում է մեր հայրենասեր, քաջ ու խելացի տղաներին, ովքեր մարմնավորում էին հայրենի հողի ուժը, գեղեցկությունը եւ հավերժությունը։ Արմենն ու նրա մարտական ընկերները հավերժ էլ կմնան մեր սրտերում»,-ներկայացրեց Թոռնիկ Սահակյանը։
Խոսրով Խլղաթյան