ԵՄ–ն կքննարկի վետոյի իրավունքի չեղարկումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում
Եվրամիությունը պատրաստվում է քննարկել որոշումների ընդունման սկզբունքների փոփոխությունը՝ չեղարկելու համար ընդհանուր նախաձեռնությունների, օրինակ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման վրա, վետո դնելու բլոկի յուրաքանչյուր երկրի հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է Politico-ն՝ վկայակոչելով Գերմանիայի՝ Եվրոպայի գործերի նախարար Աննա Լյուրմանին:
Լյուրմանը լրագրողներին հայտարարել է, որ Եվրամիության շատ գործողություններ արգելափակվում են միավորման կազմի մեջ մտնող պետություններից միայն մեկի կարծիքի պատճառով, ուստի ԵՄ-ն մտածում է որոշումների ընդունման այլ մեխանիզմի անցնելու մասին:
«Ես խիստ լավատես եմ այն առումով, որ կարելի է առաջընթացի հասնել որակյալ մեծամասնության քվեարկության հարցում: «…» Մենք քննարկում ենք բնագավառներ, որոնցում դա կարող է հնարավոր լինել, հատկապես ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության բնագավառում: Ես կարծում եմ, որ դա մեզ չպետք է խանգարի՝ գործելու ապագայում»,- պարզաբանել է նախարարը:
Նաեւ հրատարակության լրագրողները, վկայակոչելով Եվրոպայի խորհրդի փաստաթուղթը, պատմել են, որ մի քանի պատվիրակություններ պատրաստ են քննարկել պատժամիջոցների, մարդու իրավունքների կամ անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության հարցերի համար միաձայնության սկզբունքից մեծամասնության սկզբունքին անցնելու նման մեխանիզմի օգտագործման հնարավորությունը: Սակայն, ընդգծում են հեղինակները, վետոյի գործող իրավունքը կարող է կանգնեցնել դրա չեղարկման քննարկումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: