Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան առնվազն 2,63 մլրդ դոլար կծախսի Ուկրաինայի ռազմական օգնության համար. FT

Մեծ Բրիտանիան մտադիր է առնվազն 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,63 միլիարդ դոլար) ծախսել 2023 թվականին Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու համար: Սեպտեմբեի 20-ին այդ մասին հաղորդել է Financial Times (FT) թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասն այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ կհայտարարի Ուկրաինային հաջորդ տարի մի գումար տրամադրելու մասին, որը հավասար կլինի կա՛մ արդեն այս տարի հատկացված 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգին, կա՛մ կգերազանցի այն:

Սեպտեմբերի սկզբին Թրասն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած հեռախոսազրույցում նրան հավաստիացրել է, որ Կիեւը կարող է հույս դնել Լոնդոնի աջակցության վրա երկարաժամկետ հեռանկարում:

Վարչապետի դիվանատանը նշել են, որ ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայի կողմից տարեսկզբից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության չափերը հասել են 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգի (2,8 միլիարդ դոլարի), եւ այդ նպատակի համար ավելի շատ ուղարկել է սոսկ ԱՄՆ-ը:

Հաշվի առնելով 1,5 միլիարդ ֆունտի (1,8 միլիարդ դոլարի) չափով արդեն ցույց տրված տնտեսական եւ հումանիտար օգնությունը՝ Ուկրաինային բրիտանական օգնության ընդհանուր ծավալն այս տարի հասել է 3,8 միլիարդ ֆունտի (4,6 միլիարդ դոլարի), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս