Արմեն Գևորգյանը կմեկնի երկրից. Աննա Դանիբեկյանի որոշումը դուր չեկավ մեղադրող դատախազին
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի էր ունենում, այսպես կոչված, «Սիլվայի գործով» հերթական նիստը:
Հիշեցնենք՝ այս գործով անցնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով հաղորդում ներկայացրել է կին գործարար Սիլվա Համբարձումյանը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, երկամսյա դադարից հետո վերսկսված նիստը կրկին հետաձգեց, այս անգամ՝ մինչև հոկտեմբերի 4-ը:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը վատառողջ լինելու պատճառով չէր կարողացել ներկայանալ դատարան, ինչի մասին նախապես տեղեկացրել էր դատարանին։
Հաշվի առնելով, որ դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին ԱԺ պատվիրակության կազմում մեկնել Հայաստանի Հանրապետությունից սեպտեմբերի 21-28-ը ներառյալ, հաջորդ դատական նիստը դատավոր Դանիբեկյանը նշանակեց հոկտեմբերի 4-ին, ժամը 13։00-ին։
Այս գործով դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին, սակայն, դատավորի որոշումը դուր չեկավ:
Գևորգ Բաղդասարյանը ցանկացավ հարց տալ: Աննա Դանիբեկյանը թեև հիշեցրեց, որ նիստն արդեն իսկ ավարտվել է, սակայն թույլ տվեց, որ Գևորգ Բաղդասարյանն իր հարցը հնչեցնի:
«Որ ամբաստանյալներին թույլատրվում է որևէ վայր մեկնել, և դա կիրառված խափանման միջոցի հետ կապված հարց է, այսինքն՝ դրա սահմանափակող ասպեկտը վերացնելը, արդյո՞ք դա դատական նիստում չպետք է քննարկվի»,- իր հարցը ձևակերպեց Գևորգ Բաղդասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում