Ղրղզստանը շարունակում է ջանքեր գործադրել Տաջիկստանի հետ հարցի խաղաղ լուծման համար. Ժապարով
Ղրղզստանը շարունակում է ջանքեր գործադրել Տաջիկստանի հետ սահմանային հարցի խաղաղ ճանապարհով լուծման համար: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ ժողովրդին հղած ուղերձում: «Աստիճանաբար լուծվում են մեր պետւթյան սահմանների հետ կապված վիճելի հարցերը:
Ինչպես հայտնի է, Ուզբեկստանի Հանրապետության հետ սահմանների բոլոր հատվածները կարգավորված են եւ մնում է միայն պաշտոնապես փաստաթղթերով հիմնավորել դրանք: Այսօր սոսկ Տաջիկստանի Հանրապետության հետ սահմանակից տարածքներն են, որ կոնկրետացված չեն եւ խնդիրներ են հարուցում: Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել ղրղզա-տաջիկական սահմանին վիճելի հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ»,- ասել է նա: Ժապարովը նշել է, որ սահմանների խնդիրների չլուծվածությունը հանգեցնում է տխուր հետեւանքների:
Ժապարովի խոսքով՝ Ղրղզստանն ունի անհրաժեշտ միջոցներ Տաջիկստանի հետ սահմանային բախման ժամանակ տուժածների օգնության եւ ուժեր սեփական պաշտպանության համար: «Փառք աստծու, մեր գանձարանը դատարկ չէ,- ասել է նա:- Պետությունը բավականաչափ ուժեր ունի զինծառայողների եւ այն քաղաքացիների կարիքների լիովին ապահովման համար, ովքեր հարկադրված էին վերաբնակվելու ստեղծված իրադրության պատճառով»: «Երկիրն ունի միջոցներ բախման ընթացքում ավերված եւ այրված տների անհապաղ վերականգնման համար: Կարճ ժամակամիջոցում մենք զգալիորեն ամրապնդվել ենք, եւ դա խիստ անհանգստացնում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թշնամիներին»,- հավելել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: