29 երկրից 177 արվեստագետ կմասնակցի Սունդուկյան թատրոնի միջազգային մրցույթ- փառատոնին
Հայաստանում սեպտեմբերի 28-ին Սունդուկյան թատրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա թատերական պաստառների միջազգային մրցույթ-փառատոն։ Փառատոնին կմասնակցի 177 արվեստագետ՝ 29 երկրից, ցուցադրվելու է 406 աշխատանք։
«Սա երբեւէ չլսված արդյունք է, երբ որեւէ կառույց, կազմակերպություն նախաձեռնում է միջազգային փառատոն, որին այսպիսի մասնակցություն է լինում: Ու մենք դրան հասանք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Տնօրենը խոստովանում է՝ զարմացնող արդյունք ստանալու համար մեկ տարի համառ աշխատել են։
Մրցույթին մասնակցող աշխատանքները կգնահատի Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից եկած միջազգային ժյուրին։ Փառատոնի ոչ մրցութային հարթակում ներկայացվելու են նաեւ ազգային ակադեմիական թատրոնի 100 տարիների լավագույն պաստառները։
«Մենք ցույց ենք տալիս աշխարհին, որ ունենք պետական թատրոն՝ 100 տարվա կենսագրությամբ, եւ, որ այն ունի վկայություններ, որոնք աշխարհը պիտի ճանաչի։ Մեր թատրոնի անցյալի եւ ներկայի արխիվային աշխատանքները մրցութային չեն, որովհետեւ, այսպես ասած՝ մենք ենք տան տերը։ Կարծում եմ՝ լավ առիթ է տպագրել եւ ուղարկել աշխարհի տարբեր երկրներ։ Սա նոր կամուրջ է տասնյակ երկրների եւ հարյուրավոր արվեստագետների համար»,-ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ ցուցադրության շղթայի մեջ է նաեւ 1922 թ․- ի «Պեպո» ներկայացման պաստառը։
Սունդուկյան թատրոնի տնօրենը շեշտում է՝ պաստառները թատերական երեւույթների իրական վկաներն են։ Վարդան Մկրտչյանը հույս ունի, որ միջազգային մրցույթ-փառատոնը կդառնա ամենամյա, որը, ըստ նրա, եւս մեկ քայլ է հայկական թատրոնը համաշխարհային ասպարեզում դիրքավորելու։ «Սա աննախադեպ եւ շատ կարեւոր քայլ է»,-ընդգծեց նա։
Անդրադառնալով Սունդուկյան թատրոնի առաջիկա խաղացանկին եւ պրեմիերաներին՝ «Արմենպրես»-ի զրուցակիցն ասաց, որ առաջին անգամ բեմ կբարձրանա վրացի հեղինակ Դումբաձեի «Կուկարաչա» ներկայացումը։ «Մոխրոտը» մանկական ներկայացումը եւս կմտնի Ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկ։
«Ամբողջությամբ փոխել ենք մանկական ներկայացման ընկալումը Հայաստանում։ Մենք բեմադրեցինք «Սառցե սիրտը» եւ շատերը հասկացան, որ մանկական ներկայացման մշակույթը պիտի փոխվի։ Այս իմաստով մենք ունեցանք մեծ հաջողություն։ Հոկտեմբերին Լեհաստանում կմասնակցենք միջազգային թատերական փառատոնի։ Սունդուկյանի ներկայացուցիչները կբեմադրեն ամերիկացի բեմադրիչ Ջոն Բլոնդելլի «Էվրիդիկե» ներկայացումը։ Բավական բուռն աշուն է մեզ սպասվում։ Մինչեւ դեկտեմբերի 31-ը մեր յուրաքանչյուր օրը խիստ հագեցած է»,-հավելեց Վարդան Մկրտչյանը։
Լիանա Սարգսյան