Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենը երախտագիտության ուղերձ է հղել աջակիցներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և գործադիր թիմի անունից գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը երախտագիտության ուղերձ է հղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակիցներին:

«Մենք նորից արթնացանք պատերազմի մեջ, և մեր հայրենիքը`վտանգված։ Կրկին մեր խիզախ զինվորները անձնազոհաբար մարտնչում և զոհվում են հանուն բոլորիս հայրենիքի անվտանգության։ Նրանք ուժեղ և վստահ են, ինչպես մենք ենք վստահ, որ կպահենք թիկունքն անկախ ամեն ինչից։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող պարտադիր վճարների եւ նվիրաբերությունների համար։ Ձեր աջակցության շնորհիվ է, որ մենք ամուր կանգնած ենք մեր զինծառայողների և նրանց ընտանիքների թիկունքին՝ ապահովելով բարոյական և ֆինանսական աջակցություն և արժանավայել գնահատանք։

Վստահ եղեք, որ մեր առաքելության իրականացման ճանապարհին առաջնորդվում ենք թափանցիկության, արդարության և հաշվետվողականության արժեքներով։

Մեր թիմն ու ես ջանք չենք խնայում, որպեսզի կյանքը և առողջությունը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած մեր արժանապատիվ մարտիկները և նրանց ընտանիքները զգան յուրաքանչյուրիս հոգածությունը։

Ձեր աջակցությամբ միասին քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Միասին՝ զինվորիս կողքին»,- ուղերձում նշել է Սարգսյանը:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ), շահույթ չհետապնդող, հատուկ օրենսդրությամբ կարգավորվող հիﬓադրամ է, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողﬕց 2017թ․-ին հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս՝ հանուն ապագա սերունդների խաղաղության և անվտանգության զոհված, անհայտ բացակայող ճանաչված և 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին կայուն, արդար փոխհատուցում ապահովելու նպատակով: ԶԱՀ-ը կառավարվում է անկախ, արհեստավարժ և բարձր հեղինակություն վայելող Հոգաբարձուների խորհրդի կողﬕց։

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։

Տեսանյութեր

Լրահոս