«Ապագա հայկականը» հիմնադրամը կոչ է արել կանգնել հայոց բանակի և հայ զինվորի կողքին՝ հանուն հայոց պետականության

«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով:

«Միջազգային իրավունքի կոպիտ խախտում հանդիսացող այս գործողությունները հանդիսանում են հետևողականորեն կիրառվող հայատյացության ու ցեղասպան հանցավոր քաղաքականության վառ դրսևորում, որի նպատակն է կասկածի տակ դնել հայության հավատը իր բնօրրանում անվտանգ ու արժանապատիվ ապագայի նկատմամբ: Հայրենիքի հանդեպ նման ոտնձգությունները ամրապնդում են մեր հաստատակամությունը շարունակել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու Սփյուռքի հայության համախմբումը համահայկական նպատակների շուրջ՝ հանուն հզոր և ապահով ապագայի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է հիմնադրամի հայտարարության մեջ:

Նորանոր զիջումների կորզմանն ուղղված ադրբեջանական ագրեսիվ պատերազմական գործողություններին, հայտարարության համաձայն, հնարավոր է վերջ դնել միայն համայն հայության ջանքերի մեկտեղմամբ և խելամիտ քաղաքական ընթացքով: Արդեն հարյուրից ավելի կյանքեր խլած ադրբեջանական ընթացող ռազմական ագրեսիան կրկին ապացուցում է, որ հատվածային զիջումների վրա հիմնված քաղաքականությունը բերում է հայության հավաքական շահերի էլ ավելի բռնի ոտնահարման։

Աշխարհի հայությունը ակնկալում է միջազգային հանրության կողմից երկակի ստանդարտներից հրաժարում, Ադրբեջանի ագրեսիայի հասցեական դատապարտում և նրա հետևանքների վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկում։ «Կոչ ենք անում մեր հայրենակիցներին համախմբվել ագրեսիայի ետ մղմանն ուղղված ջանքերի շուրջ, կանգնել հայոց բանակի և հայ զինվորի կողքին հանուն հայոց պետականության, իսկ Սփյուռքին՝ առավելագույն ջանքերով հետամուտ լինել հայության հավաքական շահերի պաշտպանության և մեր պետականության պահպանման առաքելությանը»,-ընդգծում է հիմնադրամը, որը հայտարարությունը տարածել է սեպտեմբերի 14-ին:

Տեսանյութեր

Լրահոս