ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը բանակցություններ Է վարել Ղրղզստանի եւ Տաջիկստանի ԱԽ-ների քարտուղարների հետ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը եւ Ղրղզստանի ու Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների (ԱԽ) քարտուղարներ Մարատ Իմանկուլովը եւ Նասրուլո Մահմուդզոդան սեպտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել ղրղզա-տաջիկական սահմանին անհապաղ հրադադարի օգտին:
Այս մասին հայտնել են կազմակերպության Միացյալ շտաբի մամուլի ծառայությունում: Կազմակերպության քարտուղարությունում նշել են, որ սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ է վարել Ղրղզստանի եւ Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ «ղրղզա-տաջիկական սահմանին իրադրության կտրուկ սրման կապակցությամբ, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան»:
«Բանակցությունների ընթացքում կողմերը հայտնել են անհապաղ հրադադարի եւ ստեղծված իրավիճակի շուրջ իրավասու մարմինների գծով բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը բացառապես խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման համար»,- նշել են մամուլի ծառայությունում:
Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում եւ «գրավել մարտաան դիրքեր»:
Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր է առել փոխհրաձգություն:
Մի քանի ժամ անց զինված բախումեր են տեղի ունեցել նաեւ Բատկենի մարզի Կակ Սայ եւ Պասկի Առիք բնակավայրերում: Երեկոյան դեմ փոխհրաձգությունները դադարել են:
Ղրղզական կողմը հայտնել է երկու վիրավոր զինծառայողների եւ երեք տուժած քաղաքացիական անձանց մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: