ՀՀ-ում ի՞նչ քաղաքացիական ենթակառուցվածքներ է գնդակոծել Ադրբեջանի ԶՈՒ-ն. Փամբուխչյանը մանրամասնում է

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների թիվը:

«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա է երկու արկ ընկել, վնասվել են Ջերմուկի ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և անձնական օգտագործման մեքենաներ ու այլ գույքեր: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանում: Ադրբեջանի ռմբակոծության հետևանքով վնասվել են շտապօգնության մեքենաներ: Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, հեկտարներով ցորենի և գարու արտեր: Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մի շարք մասնավոր մեքենաներ»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց Փամբուխչյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր վնասները մանրամասն կգույքագրվեն, որի նպատակն է Կառավարության կողմից միջոցների տրամադրումը լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

«Կարևոր է նաև փաստագրել այս և այլ հանգամանքները իրավական առումով»,- հավելեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ագրեսոր ուժերի կողմից արձանագրվել են ռազմական հանցագործությունների դեպքեր, և այդ դեպքերը մանրամասն պետք է փաստագրվեն և հետագայում դրանց ընթացք տրվի միջազգային իրավական գործընթացների շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս