ԵԽ պատգամավորը կոչ է արել դադարեցնել համագործակցությունն Ալիևի հանցավոր ռեժիմի հետ
Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ Ֆրանսուա-Քսավիե Բելամին սեպտեմբերի 13-ին ԵԽ-ում ելույթ է ունեցել՝ խստորեն դատապարտելով Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած նոր հարձակումը։
Պատգամավորը արձանագրել է, որ Հայաստանի դեմ ռազմական լայնածավալ հարձակման ընթացքում Ադրբեջանը ակտիվ հրետակոծել է Հայաստանի տարբեր քաղաքներ ու գյուղեր, ընդ որում ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական օբյեկտներ՝ որը հայկական կողմում հանգեցրել է մի քանի տասնյակ զոհերի։
«Ոչի՛նչ, ոչի՛նչ չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Երկու տարի առաջ, կրկին խախտելով միջազգային իրավունքի բոլոր օրենքները, Ադրբեջանը ՝ Թուրքիայի աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս անգամ Ադրբեջանը հարձակվում է արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»,- նշել է նա։
Բելամին հիշեցրել է, որ երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց ընդդեմ Ուկրաինայի, ԵԽ-ն առանց վարանելու շատ պարզ ձևով դատապարտեց դա՝ արձանագրելով՝ «պետք է նույնը անենք երեկ երեկոյան պարոն Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված հարձակման վերաբերյալ»։
«Տիկին նախագահող, խնդրում ենք հարգել մեր պառլամենտի ձայնն այս արտակարգ իրավիճակում։ Մեր վճռական դիրքորոշումը կարող է կանխել այս պատերազմը և կանգնեցնել Ադրբեջանին իր ծրագրերը կյանքի կոչելու հարցում։ Եկեք դադարեցնենք գործակցությունն այս հանցավոր վարչակազմի հետ և ձեռնարկենք համապատասխան միջոցներ, սահմանենք արդյունավետ պատժամիջոցներ։ Եկեք անմիջապես հրավիրենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ․․․
Մենք պարտավոր ենք նախ և առաջ այդ քայլերը ձեռնարկել՝ կանգնելով հայ ժողովրդի կողքին, ում վշտակցություն ենք հայտնում իրենց զրկանքների ու կորուստների համար»,- ասվում է նրա ելույթի եզրափակիչ հատվածում։