ՀԱՊԿ-ում քննարկել են սահմանային իրավիճակի կարգավորման մեխանիզմների հնարավոր գործարկման վերաբերյալ առաջարկները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի անդամները խիստ մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված և քննարկել են իրադրության կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների հնարավոր գործարկման վերաբերյալ առաջարկները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը:
«Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստը՝ ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարության և միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությամբ:
Նիստը նախագահող, ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը գործընկերներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի զարգացման մասին և այդ կապակցությամբ հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին:
Խորհրդի անդամները խիստ մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և քննարկել են իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների հնարավոր գործարկման վերաբերյալ առաջարկները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: