Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը. ՀԱՊԿ
Երեկ, ինչպես արդեն հայտնի է, հայկական կողմը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ կապված ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ:
Այսօր ՀԱՊԿ-ը հաստատել էր, որ Հայաստանի դիմումը ստացել են: Իսկ քիչ առաջ ՀԱՊԿ քարտուղարությունն այդ առնչությամբ հանդես է եկել մեկնաբանությամբ:
«2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծանր զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։
Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը: Հակասությունները կարգավորելու համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի հայտարարություններում։
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը շփման գծում այս տարվա սեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ից սկսած ձեռք բերված հրադադարի պահպանման գործում։
Հայկական կողմի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը աջակցության կոչով դիմելու կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել իրավիճակի կարգավորման ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀԱՊԿ մեկնաբանության մեջ: