Բրիտանացիներն արդեն հերթ են կանգնում Եղիսաբեթ Երկրորդին հրաժեշտ տալու համար. Independent

Մեծ Բրիտանիայի վախճանված թագուհուն՝ Եղիսաբեթ Երկրորդին, հրաժեշտ տալ ցանկացողների հերթն արդեն սկսել է Լոնդոնում ձեւավորվել դեռ նախքան նրա աճյունը քաղաք բերելը, չնայած այն բանին, որ հանրության հրաժեշտը միապետին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում սկսվելու է միայն սեպտեմբերի 14-ին: Այդ մասին հաղորդում է Independent հրատարակությունը:

Նշվում է, որ առաջին մարդը տեղ զբաղեցնելու համար եկել էր թագուհուն հրաժեշտից 48 ժամ առաջ, որի աճյունը չորեքշաբթի օրվանից գտնվելու է Վեսթմինսթեր-հոլլում: Հրատարակության տվյալներով՝ Լոնդոնի արվարձաններից մեկի 56-ամյա բնակչուհին դեռ երկուշաբթի օրը ցերեկն էր ժամանել այն վայրը, որտեղ լինելու էր հերթի սկիզբը:

Սպասվում է, որ Եղիսաբեթ Երկրորդի աճյունը Էդինբուրգից Լոնդոն կուղարկվի սեպտեմբերի 13-ին ժամը մոտավորապես 18:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին):

Նրան ինքնաթիռում կուղեկցեն թագուհու դուստրը՝ արքայադուստր Աննան, եւ նրա ամուսինը: Լոնդոնում դագաղը տարվելու է Բուքինգհեմյան պալատ, այնտեղից չորեքշաբթի օրը՝ Վեսթմինսթերյան պալատ: Թագուհուն հրաժեշտի արարողությունը Վեսթմինսթերյան պալատում անցկացվելու է չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, տեղական ժամանակով 17:00-ից (Երեւանի ժամանակով 20:00) մինչեւ երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ը ժամը 06:30-ը (Երեւանի ժամանակով 09:30-ը):

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հորդորել է այն մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ թագուհուն, լավ պատրաստվել, քանի որ սպասվում են հսկայական հերթեր:

Հերթը մշտապես շարժվելու է, ուստի չի հաջողվի նույնիսկ փոքր-ինչ նստել: Նաեւ տրանսպորտի հետ կապված աշխատանքի ընդհատումներ են սպասվում շրջանում:

Այցելուները պետք է անցնեն անվտանգության ստուգում, թույլատրված է իրենց հետ վերցնել միայն ոչ մեծ պայուսակներ: Բուքինգհեմյան պալատը սեպտեմբերի 8-ին հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, ով երկիրը կառավարել է ավելի քան 70 տարի, Շոտլանդիայում վախճանվել է 96 տարեկան հասակում: Արքայազն Չառլզը դարձել է թագավոր՝ վերցնելով Չառլզ Երրորդ անունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս