«Բնակիչներին շրջանում ունենք 3 վիրավոր, 2-ը՝ կին»․ Վարդենիսի համայնքապետի խոսնակ

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ինտենսիվ մարտերը շարունակվում են։

Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հրետակոծությունն առավոտյան ժամը 5-7-ը թուլացել է, ապա նորից ինտենսիվ դարձել։

«Սահմանամերձ գյուղերի՝ Սոթք, Կութ, Նորաբակ, տարբեր ժամերի, տարբեր ուղղություններով կրակում են, բայց ամենաինտենսիվը Սոթքի ուղղությամբ են կրակում։ Գիշերվա տվյալներով՝ Սոթքի 5 տուն են ռմբակոծել, Սոթքի համայնքապետարանի, դպրոցի վրա էլ են կրակել, մեկ էլ Նորաբակում մի տան վրա են կրակել, այս բոլորը նախնական տվյալներ են․․․»։

Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նշված գյուղերից բոլոր բնակիչները տարհանվա՞ծ են, արդյո՞ք քաղաքացիական անձանց շրջանում զոհեր, վիրավորներ կան․

Կարդացեք նաև

«Բնակիչների մի մասն ինքնուրույն են դուրս եկել գյուղերից, մյուս մասին կազմակերպել և տարհանել ենք։ Զոհեր չունենք բնակիչների շրջանում, 3 հոգի թեթևակի վիրավորում ունեն, որոնցից 2-ը կին են, սրանք ևս նախնական տվյալներ են․․․»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։

Նշենք, որ այսօր առավոտյան Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 49 զոհ

«Այս պահի դրությամբ Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պետք է արձանագրեմ, որ այդ թիվը, ցավոք, վերջնական չէ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս