Բաժիններ՝

Ճապոնիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կշարադրի Անվտանգության խորհրդի բարեփոխման՝ իր դիրքորոշումը

Ճապոնիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 77-րդ նստաշրջանում պլանավորում է շարադրել իր դիրքորոշումն այնպիսի հարցերի շուրջ, ինքչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բարեփոխումը, կազմակերպության գործառույթների ուժեղացումը եւ միջուկային զինաթափումը: Այդ մասին սեպտեմբերի 13-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ի ղեկավար Յոսիմասա Հայասին:

«Վարչապետ (Ֆումիո) Կիսիդան եւ ես պլանավորում ենք այցելել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, եթե հանգամանքները թույլ տան: Այնտեղ ճապոնական կողմն ակտիվ կերպով մտադրվում է շարադրել իր դիրքորոշումն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ՄԱԿ-ի գործառույթի ուժեղացումը, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարենորոգման հարցը, ինչպես նաեւ միջուկային զինաթափման խնդիրը»,- նշել է նա:

Հայասին վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի իրադրության թեման կլինի հիմնականներից մեկը ՄԱԿ-ի առաջիկա Գլխավոր ասամբլեայում: Նա ընդգծել է, որ Ճապոնիան մտադրվում է հավաստել հանգուցային հարցերի շուրջ համագործակցությունն իր գլխավոր գործընկերների հետ:

Սեպտեմբերի 13-ին Նյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանը: Առաջին օրերը կնվիրեն արարողակարգային հարցերին. նստաշրջանի օրակարգի, պատվիրակությունների կազմի եւ աշխատանքի կարգի հաստատմանը:

Իսկ սեպտեմբերի 20-ին կբացվի բարձր մակարդակի շաբաթը, որտեղ կժամանեն երկրների, կառավարությունների ղեկավարներ եւ նախարարներ ամբողջ աշխարհից, հաղորդել է ՏԱՍՍ -ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս