Բացահայտվել են մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով օծանելիքի և ծխախոտի ներմուծման ու արտահանման համար ՊԵԿ աշխատակցին կաշառք տալու դեպքեր
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ օծանելիքի ներմուծման, ինչպես նաև՝ ՀՀ-ից ծխախոտի արտահանման գործընթացում պատշաճ մաքսային հսկողություն չիրականացնելու և ապրանքները ՀՀ սահմանով անխոչընդոտ տեղափոխելու դիմաց պաշտոնատար անձ հանդիսացող ՊԵԿ աշխատակցին կաշառք տալու դեպքեր:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ն ՀՀ ներմուծվող օծանելիքը մաքսային հսկողությունից թաքցնելու և օրենքով սահմանված մաքսավճարները չկատարելու հարցում իրեն աջակցելու համար դիմել է իր ծանոթ՝ ՀՀ ՊԵԿ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պաշտոնատար անձ Ա. Մ.-ին: Վերջինս վերը նշված հարցում Ա. Խ.-ին աջակցելու համար համաձայնության է եկել ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձի հետ, որն էլ, ընդունելով առաջարկը, հիշյալ ապօրինի գործողության համար պահանջել է 151.608 ՀՀ դրամին համարժեք 300 եվրո կաշառք: Արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից նրա ուղեբեռում հայտնաբերվել է մաքսային հայտարարագրման ենթակա օծանելիքը, սակայն կաշառք ստացած պաշտոնատար անձի միջամտության արդյունքում չի հայտարարագրվել:
Բացի այդ, Ա. Խ.-ն ՀՀ-ից 120 տուփ ծխախոտ անարգել արտահանելու հարցում աջակցություն ստանալու նպատակով կրկին դիմել է իր ծանոթ Ա. Մ.-ին: ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձը, որպես կաշառք, այս անգամ պահանջել և ստացել է 120.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուփ ծխախոտի համար 1.000 ՀՀ դրամ: Արդյունքում, Ա. Խ.-ն մեկնել է ՀՀ-ից՝ ուղեբեռում թաքցնելու եղանակով արտահանելով 120 տուփ ծխախոտ:
Բացի այդ, Ա. Խ.-ն հերթական անգամ ՀՀ ներմուծվող օծանելիքն ու հարդարման պարագաները մաքսային հսկողությունից թաքցնելու և օրենքով սահմանված մաքսային վճարումները չկատարելու հարցում աջակցություն ստանալու նպատակով նորից դիմել է վերը նշված անձանց: ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձն Ա. Խ.-ի օգտին հիշյալ ապօրինի գործողության համար, որպես կաշառք, պահանջել է 120.000 ՀՀ դրամ, ինչը, սակայն, վերջինս չի փոխանցել Ա. Մ.-ին, քանի որ հայտարարագրման ենթակա օծանելիքն ու հարդարման պարագաները հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում Ա. Խ.-ին պատկանող ուղեբեռի զննման ընթացքում:
Ա. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), իսկ Ա. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ):
Ա. Խ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: