Ռուսաստանի եւ ԵՄ-ի երկրների միջեւ դադարել է գործել դյուրացված այցագրային ռեժիմը
Սեպտեմբերի 12-ին ուժի մեջ Է մտել Եվրամիության խորհրդի որոշումը Ռուսաստանի հետ դյուրացված այցագրային ռեժիմի համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ. արդյունքում՝ ռուսաստանցիների համար կփոխվեն շենգենյան այցագրերի ձեւակերպման պայմաններն ու ժամկետները:
Այսպես, փաստաթղթերի քննումը եւ այցագրեր տալն այժմ կտեւեն ոչ պակաս քան 15 օր, առանձին դեպքերում՝ մինչեւ 45 օր: Այցագրային գանձումը 35 եվրոյից աճել է մինչեւ 80 եվրո: 6-ից 12 տարեկան երեխաների համար՝ 35-ից մինչեւ 40 եվրո:
Բացի այդ, կավելանա այցագրային կենտրոն կամ հյուպատոսություն տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի թիվը: Շենգենյան երկրների հյուպատոսությունները կարող են լրացուցիչ փաստաթղթեր պահանջել դիմողներից: Եվրահանձնաժողովը երկրներին կոչ է արել՝ Ռուսաստանի քաղաքացիներից հայտերի մանրամասն ստուգում անցկացնել եւ նրանց շենգենյան այցագիր տալ միանգամյա կարճաժամկետ ուղեւորությունների համար:
«Եթե քաղաքացին որպես սպառնալիք է դիտարկվում ցանկացած անդամ պետության հասարակական կարգի, ներքին անվտանգության կամ միջազգային հարաբերությունների համար, ապա այս դեպքում այցագրի հարցում հարկ է մերժել անհատական գնահատման հիման վրա: Նաեւ երկրները պետք Է այցագրի հարցում մերժեն դիմողին, եթե կասկածում են, թե նա ԵՄ-ն կլքի այցագրի գործողության ժամկետը լրանալուց հետո»,-պարզաբանում է Եվրահանձնաժողովը:
Արդեն տրված այցագրերը շարունակում են գործել, բայց եթե անդամ երկրները կասկածներ ունեն նրանցից յուրաքանչյուրի անվտանգության սպառնալիքի առնչությամբ, ապա Եվրահանձնաժողովը հաձնարարում է չեղարկել շենգենը, հաղորդել է «Ինտերֆաքս»