Ծովագյուղում Խաչվերացի տոնին ընդառաջ օրհնվել է նորակառույց մատուռը
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի ձեռամբ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Ծովագյուղ գյուղի «Ավզով աղբյուր» կոչվող սրբավայրի տարածքում առկա մատուռի ( 13-րդ դար) տարածքում օրհնվեց Աբրահամյան ընտանիքի կողմից կառուցված մատուռը եւ երկու խաչքարերը, որոնցից մեկը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմից, ընդառաջ Խաչվերացի տոնին`աղոթատունը կոչվել է Սուրբ Խաչ:
Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահն իր գնահատանքն է բերել աղոթատունը կառուցող Աբրահամյան ընտանիքին` նշելով, որ մատուռի կառուցումը կարեւորագույն քայլ է` ուղղված համայնքի հոգեւոր կյանքը զարգացնելուն, քանի որ Ծովագյուղում մինչ այս չի եղել աղոթատուն:
Արարողությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ եւ Ծովագյուղ համայնքի բնակիչներ:
Խոսրով Խլղաթյան