Բայդենը սեպտեմբերի 17-ին մեկնում է Մեծ Բրիտանիա Եղիսաբեթ Բ-ի հուղարկավորությանը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հետ սեպտեմբերի 17-ին մեկնում է Մեծ Բրիտանիա Եղիսաբեթ Բ թագուհու հուղարկավորությանը: Այդ մասին ասված է պետության ղեկավարի՝ սեպտեմբերի 11-ին Սպիտակ տան կողմից տարածված աշխատանքային գրաֆիկում:
«Շաբաթ օր՝ 2022 թվականի սեպտեմբերի 17: Նախագահը եւ առաջին տիկինը կմեկնեն Մեծ Բրիտանիա Նորին Մեծություն Եղիսաբեթ Բ թագուհու պետական հուղարկավորությանը»,- ասված է փաստաթղթում:
Սեպտեմբերի 11-ին Բայդենն ընդունել է թագուհու հուղարկավորություն այցելելու պաշտոնական հրավերը: Ավելի վաղ նա հայտարարել էր հուղարկավորությանն անձամբ ներկա լինելու մտադրության մասին:
CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ, ճշտել է, որ հուղարկավորություն այցելելու հրավերը տարածվել է բացառապես ԱՄՆ-ի նախագահի եւ նրա տիկիոջ վրա: Այսպիսով, Բայդենը Մեծ Բրիտանա կմեկնի առանց պաշտոնական պատվիրակության ուղեկցության: CNN-ն ընդգծում է, որ «նախկինում պետական հուղարկավորություններին գործող նախագահին թույլատրվում էր հետը տանել պետական պաշտոնյանների պատվիրակություն»:
Հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 19-ին: Հրաժեշտը տեղի կունենա Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, իսկ միապետի հանգչելու վերջին տեղը կդառնա XVI դարում կառուցված՝ Սուրբ Գեւորգի մատուռը Լոնդոնի մերձակայքի Վինձորի դղյակի տարածքում: Թաղման ստույգ տեղը կլինի եկեղեցու տարածքում գտնվող՝ Գեւորգ VI-ի հուշամատուռում: Եղիսաբեթ Բ-ն, որը մահացել է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում, կառավարել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ բոլորից երկարատեւ՝ 70 տարի եւ յոթ ամիս:
Նոր տիրակալ է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չառլզը, որը վերցրել է Կառլոս III անունը: Մեծ Բրիտանիայում հայտարարված ազգային սուգը կտեւի մինչեւ Նորին Մեծության հուղարկավորությունը: Կառլոս III-ի թագադրությունը տեղի կունենա մի քանի ամիս հետո, օրն առայժմ հայտարարված չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: