«Մեծ սխալ էր, որ 2020թ. լայնածավալ պատերազմի ընթացքում ՀՀ-ն չճանաչեց Արցախի անկախությունը». Կարեն Իգիթյան
«Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցի շնորհանդեսի ժամանակ կովկասագետ Կարեն Իգիթյանն անդրադարձավ Արցախի անկախության ճանաչման հարցին:
«Ինչո՞ւ Հայաստանի ԳԽ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը չեղարկվեց հենց ՀՀ առաջին նախագահի կողմից: Մեր ներքին փաստաթղթերով ունեինք լեգիտիմ որոշում, որով Արցախը Հայաստանի մաս էր՝ Արցախը դիմել էր Հայաստանին, Հայաստանը դրական պատասխանել էր: Հետո առաջին նախագահի օրոք ՀՀ-ն գնաց այլ ճանապարհով՝ թող Արցախն առանձին լինի, մեզ չմեղադրեն: Հետո էլ՝ թող անկախ լինի, բայց այդ անկախությունն արդեն զիջվում էր, որովհետև կարող էր լինել և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների պետություն, ինչպես ասում է դե ֆակտո վարչապետը՝ բա Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին չեք մտածո՞ւմ: Հռչակման պահին Շուշին դեռ ադրբեջանցիների ձեռքին էր, այսինքն՝ եթե իրենք ճանաչեին Արցախի անկախությունը, գուցե խոսելու բան կլիներ, որ՝ դուք այստեղ կապրեք, մենք այնտեղ կապրենք, և դա կլինի ոչ մեզ, ոչ ձեզ տարբերակ: Այսինքն՝ սա արդեն զիջում էր ՀՀ առաջին նախագահի կողմից»,- ասաց նա:
Իգիթյանը մեծ սխալ համարեց այն, որ 2020թ. լայնածավալ պատերազմի ընթացքում ՀՀ-ն չճանաչեց Արցախի անկախությունը: