
Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում վերանայել Արզումանյանին կալանավորելու որոշումը

Արցախի պահեստազորի սպաների միությունը խորին վրդովմունք է հայտնում 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին կալանավորելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են միության ֆեյսբուքյան էջում:
«Հայտնի է, որ Արցախի համար ծանր ու բարդ ժամանակահատվածում է Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը ստանձնել բանակի հրամանատարի պաշտոնը, քանզի նա պատասխանատու զորահրամանատարներից էր։
Հաշվի առնելով նրա ունեցած փորձը և կյանքի լավագույն տարիների ներդրումը Արցախի բանակաշինության մեջ՝ մենք պահեստազորի սպաներս կոչ ենք անում վերանայել Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված՝ անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն»։