
Թրյուդոն ցավակցություններ է հայտնել Սասքաչեւանում հարձակումների զոհերի հարազատներին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն սեպտեմբերի 4-ին իր ցավակցություններն է հայտնել Սասքաչեւանի նահանգում դանակով մի շարք հարձակումների զոհերի հարազատներին եւ հայտարարել, որ կառավարությունը հետեւում է իրադրության զարգացմանը:
«Այսօրվա հարձակումները Սասքաչեւանում սոսկալի են եւ խոցում են սիրտը: (…) Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրադրությանը եւ բոլորին հորդորում ենք հետեւել տեղական իշխանությունների նորություններին»,- գրել է Թրյուդոն Twitter-ի՝ իր էջում:
Ավելի վաղ CBC հեռուստաալիքը հայտնել է, որ Կանադայի ոստիկանությունը որոնում է երկու հանցագործների, որոնք դանակահարելով սպանել են 10 մարդու եւ վիրավորել առնվազն 15 հոգու հյուսիսամերիկյան երկրի բնիկ բնակիչների Ջեյմս Սմիթ Քրի Նեյշն ավանում, ինչպես նաեւ Վելդոն քաղաքում (Սասքաչեւանի նահանգ): Նախնական տեղեկատվությամբ՝ հանցագործների զոհեր են դարձել պատահական մարդիկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: