Մարզական մրցաշարեր, հատուկ հյուրեր, համերգային ծրագրեր. Հայաստանում կնշվի Մոսկվայի 875-ամյակը
Հայաստանում կանցկացվեն Մոսկվայի 875-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ին Երևանում: Միջոցառումները նախաձեռնել է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը տեղեկացրեց, որ բավական հագեցած ծրագիր է սպասվում: Մեկնարկը տրվելու է Ալ․ Պուշկինի անվան դպրոցում Մոսկվայի անկյունի բացմամբ: Հաջորդիվ սպասվում են է «Ես սիրում եմ Մոսկվան» խորագրով ֆլեշմոբ, շաշկու առաջնություն, լուսանկարչական ցուցահանդես, ռուսական երգերի համերգային ծրագիր:
«Հրազդան քաղաքում սպասվում է Ռուսական կենտրոնի բացումը: Ասեմ, որ սա արդեն 8-րդն է՝ Երևան, Վանաձոր, Արմավիր, Քաջարան, Իջևան և այվայրերից հետո: Նպատակն է նպաստել հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը: Այն հարթակ է յուրաքանչյուր երեխայի համար, որտեղ անցկացվում են անվճար դասընթացներ: Բարեկարգում ենք տարածքները, հագեցնում ենք անհրաժեշտ գույքով, տեխնիկայով: Ստեղծում ենք վայր, որտեղ երեխան կրթվում է առավել հանգիստ, ազատ պայմաններում»,- ասաց Վահրամ Կարապետյանը: Հայաստանում ռուսական կենտրոնների ստեղծման աշխարագրությունն առաջիկայում կընդլայնվի: Նախատեսվում է նման կենտրոնների բացում Գորիսում, Մեղրիում, Ծաղկաձորում, Եղեգնաձորում:
Տոնական միջոցառումների շրջանակում հատուկ գրականություն կտարամադրվի տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին: Սպասվում է հեքիաթի ժամ, նաև համերգային ծրագիր Հայաստանի 6 մարզերից երաժշտական համույթների մասնակցությամբ:
Միջոցառումների ցանկում ընդգրկված են մի շարք կարևոր մարզական միջոցառումներ ևս: Առաջինը շախմատային մրցաշարն է, որն արդեն 3-րդ տարին է անցկացվում: Մանրամասներ ներկայացրեց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը:
«Ինչպես տեսնում ենք, մեծ աշխատանք է տարվում և ամեն մի նման միջոցառում դրական է անդրադառնում երկու քաղաքների համագործակցության վրա: Ինչ վերաբերում է սպասվող շախմատային մրցաշարին, ապա նշեմ, որ բավական պատվաբեր մրցաշար է լինելու: Այն անցկացվելու է 2 փուլով, մասնակցելու են գրոսմայստերներ, միջազգային վարպետներ: Ընտրվելու են եզրափակիչի համար մասնակցիներ, որտեղ ներկա են լինելու նաև Շախմատի համաշխարհային օլիմպիադայում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի գրոսմայստերները»,-ասաց Սմբատ Լպուտյանը:
Մարզական միջոցառումների շարքը կշարունակվի շաշկու, ինչպես նաև սուսերամարտի մրցաշարով: Վահրամ Կարապետյանը տեղեկացրեց, որ սպասվում է հատուկ հյուր: Հայաստան կժամանի ռուսաստանաբնակ հայ սուսերամարտիկ, օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Յանա Եգորյանը: Ըստ Վահրամ Կարապետյանի՝ այն լավ նվեր կլինի մրցաշարի մասնակիցների համար: Մոսկվայի 875-ամյակին նվիրված միջոցառումները նախատեսվում է եզրափակել հոկեյի մրցաշարով: