Վաշինգտոնի, Սեուլի և Տոկիոյի պատասխանը ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումներին կլինի ավելի խիստ. Yonhap
Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի իշխանությունների արձագանքը ԿԺԴՀ-ի նոր միջուկային փորձարկումներին կլինի ավելի խիստ, քան նախորդները: Այդ մասին սեպտեմբեի 2-ին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի Ազգային անվտանգության վարչության տնօրեն Կիմ Սոն Հանին:
Սեպտեմբերի 1-ին Հավայիում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որին մասնակցել են Կիմ Սոն Հանը, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը, Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Տակեո Ակիբան:
«Մենք համաձայնության եկանք, որ պետք չէ պարզամիտ մտածողություն եւ արձագանք թույլ տալ այն ոգով, թե Հյուսիսային Կորեան արդեն անցկացրել է վեց թեստ, եւ դա կլինի պարզապես եւս մեկը: Եթե Հյուսիսը փորձարկում անցկացնի, մեր արձագանքը միանշանակ կտարբերվի նրանից, ինչ եղել է նախկինում»,- ասել է Կիմ Սոն Հանը բանակցություններից հետո:
Հարավկորեացի պաշտոնյան չի հայտնել այն կոնկրետ միջոցները, որոնք կընդունեն Սեուլը, Վաշինգտոնը եւ Տոկիոն փորձարկումների դեպքում: Սակայն, նրա խոսքով, արձագանքը Փենյանին ցույց կտա, որ իր գործողությունները «սխալ են եղել»:
Ինչպես հավելել է Կիմ Սոն Հանը, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան հավանություն են տվել Սեուլի «համարձակ պլանին», որը նախատեսում է ԿԺԴՀ-ի միջուկազերծում տնտեսական օգնության փոխարեն: Կիմ Սոն Հանի խոսքով՝ Սալիվանը խոստացել է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները կքննարկեն Սեուլի անհանգստությունները գնաճի դեմ պայքարի օրենքի առիթով, որը ենթադրում է լրահատկացումների տրամադրում Հյուսիսային Ամերիկայում արտադրված էլեկտրամոբիլներ գնելիս: Հարավային Կորեայի խոշորագույն ավտոմոբիլաշինարարները ֆլագմանային էլեկտրաքառեր են հավաքում Կորեայի Հանրապետությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: