Բաժիններ՝

COVID-19-ով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում անկում է գրանցել աշխարհի բոլոր տարածաշրջաններում

COVID-19 կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում շաբաթվա ընթացքում անկում է գրանցել 16 տոկոսով, մահացությունը՝ 13 տոկոսով: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական բյուլետենում:

Օգոստոսի 22-ից մինչեւ 28-ն ընկած ժամանակաշրջանում կորոնավիրուսով հիվանդացությունը նվազել է աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Ախտահարումների թվի առավել մեծ նվազում դիտվել է Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (37 տոկոսով) եւ Եվրոպայում (20 տոկոսով):

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ով հիվանդացության ավելի քան 4,5 միլիոն նոր դեպք: Կորոնավիրուսից մահերի թվաքանակը նվազել է բոլոր տարածաշրջաններում, բացի Հարավարեւելյան Ասիայից եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի տարածաշրջանից. այնտեղ մահացությունը համապատասխանաբար ավելացել է 15 տոկոսով եւ 3 տոկոսով:

Մահվան դեպքերի առավել մեծ նվազում է գրանցվել Աֆրիկայում (64 տոկոսով), Արեւելյան Միջերկրականում (35 տոկոսով) եւ Եվրոպայում (30 տոկոսով):

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ով պայմանավորած մահվան 13,5 հազար դեպք: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 603 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 6,4 միլիոն մահ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս